[Զինվորի օրագիր – 8] Զինքոմեդին ու նրա հետևանքները և ինչո՞ւ հրաժարվեցի 10-օրյա արձակուրդիցNewmag.am-ը գրում է.

Մինչև չարաբաստիկ օգոստոսը, մազերս մի քիչ երկարացրել էի` երազած արձակուրդիս համար: Ռազմականում բոլորիս մազերը զրոյով զրոյին հավասարեցրին: Մեկ շաբաթում այնքան էինք սովորել օրակարգին, որ թվում էր մինչև վերջին օրն էլ այստեղ ենք ծառայելու: Ամեն ինչ հունի մեջ էր ընկել, մինչև չեկավ երեքշաբթին` նոր պրոբլեմներով ու նոր մղձավանջով:

Տիգրանին տղաներից մի քանիսը չէին սիրում: Երևանցի տղա էր, բայց աչքափակ էր, հեռու նույնիսկ զինվորական, տղայական ու տարրական էթիկետից: Կարճահասակ, բայց ամրակազմ տղա էր, ակնոց էր կրում, շրջում էր գլուխը կախ: Թե ինչպես հայտնվեց «խառոշիների» տեսադաշտում որևէ մեկը չնկատեց: Ամեն ինչ սկսվեց սովորական զրույցներից, ծխարանից: Զգացին, որ խեղճ է, գոնե նիստուկացով: Ասկետիկ երիտասարդի մղձավանջը սկսվեց գլուխը բարձին դնելուն պես, քուն չմտած:

– Տիկո մեկ-մեկ լողացի, վրայիցդ հոտա գալիս, հո դու թթվի քար չես:

Սա ընդամենը սկիզբն էր: Նկատողությունն ընդունեց քթի տակ պատասխանելով` եղավ, ձեր ասածն է: Համարձակություն չուներ, որ մեկին ապտակեր, մյուսին հայհոյեր, քներ: Զինվորները ռեպլիկն ընդունեցին որպես արդարացում, շարունակեցին անմիջապես, զրույցը թեժացրին թեման զարգացնելով, «Կարգին հաղորդում»-ից մեջբերումներով, ապարանցիների անեկդոտները կողք կողքի շարելով: Տիգրանը չէր քնել, բայց աչքերը փակել էր, հույս ուներ, որ նրանք էլ շուտով կլռեն: Չլռեցին:

Բոլոր զորամասերում է այդպես, զինվորները գալիս են ծառայության հիմնականում առանց միմյանց ճանաչելու: Ընկերանում են մի պատի տակ իրար լավ ծեծելուց հետո, երբ համոզվում են, որ երկուսն էլ «լավ» տղա են, «задни» չեն դնում: Կամ ընդհանուր ծանոթներ գտնելով են եղբայրանում, թաղային հեղինակությունների անունները շրջանառելով, նույնիսկ եթե ծանոթ չեն, լսել են ուրիշից, տեսել` մեկ անգամ, շփվել` երբեք:

Ովքեր այս շրջանակից դուրս են մնում, մեկ այլ խմբի պարագլուխ են դառնում կամ տաքսի (բացատրությունը` տես օրագրի 7-րդ համարում): Երբ ձևավորվում են զորամասային «խմբեր» առաջին շաբաթներին բախվում են իրար, ինքնահաստատվում, հետո կոալիցիա են կազմում կամ խուսափում նույնիսկ բարևից:

Տիգրանը որևէ մեկի թիմից չէր: Չէր կարող լինել, չէր էլ ցանկանում: Բայց քնում էր խմբի անդամներից մեկի գլխավերևում, երկրորդ հարկում: Ի դեպ 2-րդ «ярус»-ում ննջելը ձեռքբերում չէ, հակառակը: Վերևում նորերն են, թույլերը, փոքրերը կամ պարզապես հանդուրժողներն ու հարկերի տարբերությունն անտեսողները:  

Ուժեղները, զորանոցի հնաբնակ լիդերները` քնում են անկյունում: Սա արքայական տեղ է համարվում, որովհետև որևէ մեկի կողքին չես, մենակ ես քնում: Մյուսների մահճակալները զույգերով են: Անկյունի մահճակալը անմիջապես ջեռուցման համակարգի կողքին է: Նախանձելի է հատկապես ձմռանը, փաթաթվում, տաք տաք քնում ես: Անկյունում նաև ձեռնտու է և անվտանգ` սենյակի վերջում ես` անսպասելի ու անցանկալի հյուրերի գալուն պես, կհասցնես կարգի բերես անկողինդ, սուտ քուն մտնես:  

Նույնիսկ կարգապահական վաշտում խորհրդային քնատեղի ու ննջակարգի չգրված օրենքը շարունակվեց: Տիգրանը պատահմամբ վերևում էր, մյուսների պատահական երկրորդ հարկը վայրկյանների ընթացքում դարձավ առաջին, հետո «угол»: Ընդ որում շատերի մոտեցումը կեղծ եղբայրական էր, ամեն ինչի պատրաստ էին, միայն թե հայտնվեին առաջին հորիզոնականում:

– Մեջքս ցավում է, չեմ կարող բարձրանալ, իջնել:

– Քաշս չի ներում, ընկնեմ, կջարդվեմ:

– Բա դու կթողնես, որ իմ նման տղեն էդքան տանջվի:

Ես անկյունում չէի, բայց առաջին հարկում էի: Չէի չարչարվել տեղիս համար, չէի համոզել որևէ մեկին, պարզապես ասել էի տեղավորվել վերևում` 25 տարեկանի առաջ 18-ամյա զինվորները երեխայի պես են, հլու և հնազանդ: Տիգրանը հնազանդ չէր, բայց ճար չուներ, պիտի լուսացներ ևս մեկ գիշեր, գուցե ազատվի մղձավանջից: Չստացվեց:

Մեկ ժամ խոսեցրին, հարցրին, ծիծաղեցին: Չարձագանքեց, պարզապես երբեմն ստիպված պոռթկած: Կարմրում էր ամոթից` բոլորն արթուն լսում էին զինվորին հասցեագրված «բոցերը»: Մեկ ժամ բոլորը լռեցին, զինքոմեդին կարող էր մինչև լույս տևել: Սպասեցի: Ուզում էի ամեն ինչ արագ վերջանար, հատկապես, երբ վստահ էի, որ Տիգրանին վերագրվող մեղադրանքները սուտ էին: 0 ժամ 20-ին վեր թռա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել